ՌԴ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում հայ գործարարների վրա հարձակման դեպքի առնչությամբ

11:22 • 06.09.18

Ռուսաստանի Դաշնության ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նախօրեին Եկատերինբուրգ քաղաքում հայ գործարարների Audi մեքենայի ուղղությամբ բացված կրակահերթի առնչությամբ, հայտնում է ria.ru-ն՝ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վալերի Գորելիխին հղումով:

Նա մանրամասնել է, որ գործով զբաղվող քննիչները քննարկում են կատարվածի ամենատարբեր վարկածները՝ այդ թվում նաև գումարային դրդապատճառի հավանականությունը:

Գորելիխի խոսքով՝ դեպքի վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցները՝ այդ թվում նաև ենթադրաբար Կալաշնիկով ինքնաձիգի և տրավմատիկ ատրճանակի պարկուճները, ուղարկվել են փորձաքննության:

Այժմ իրավապահները հետախուզում են հայտարարել հարձակումն իրագործողների նկատմամբ:

Բացի այդ, իրավապահները պարզում են տուժածների ծավալած գործունեության բնույթը, մանրամասներ են հավաքում նրանց շրջապատի վերաբերյալ, փորձում են գտնել ականատեսներին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, սեպտեմբերի 5-ին Եկատերինբուրգում «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայով անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի ավտոմեքենայի վրա, որում հայ գործարարներ են եղել:

Նշվում է, որ հարձակումը պատահական չէր. գումարների կանխիկացմամբ զբաղվող հայաստանցի գործարարները մեծ գումար էին տեղափոխում Audi-ով:


Նշվում է, որ հրաձգության հետևանքով տուժել է միայն մեքենայի վարորդը: Մի քանի փամփուշտ արձակվել է Audi-ի անիվների ուղղությամբ, սակայն հանցագործներին չի հաջողվել գողանալ գումարը: