Չեխիայում մասնավոր ուղղաթիռ է կործանվել. կա 4 զոհ

03:40 • 06.09.18

Չեխիայում Robinson R44 մասնավոր ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել՝ երեք տղամարդ և մեկ կին: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի երեկոյան Պլզեն քաղաքում, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի հրշեջ անվտանգության ծառայության ներկայացուցիչ Պյոտր Պոնցարի հայտարարությանը:

«Ականատեսների խոսքով՝ Պլզենի փողոցների վրա բավական ցածր թռչող Robinson R44 մասնավոր ուղղաթիռը կատարած հնարքից հետո անսպասելիորեն պտտվել է օդում և ընկել քաղաքի հարավային հատվածում գտնվող արդյունաբերական համալիրի արտադրամասերից մեկի վրա: Ուղղաթիռում գտնված չորս ուղևորից երկուսը մահացել են ուղղաթիռի կործանման ժամանակ, ևս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Չնայած օպերատիվ կերպով դեպքի վայր հասած բժիշկների ջանքերին՝ նրանց օգնել չհաջողվեց, նրանք մահացան»,- հայտնել է Պոնցարը:

Նրա խոսքով՝ կործանման հետևանքով ուղղաթիռից վառելանյութի արտահոսք է սկսվել, սակայն հրդեհը հաջողվել է կանխել: