Եթե դատարանի տված լուծումը դրական չլինի՝ պետք է հասկանանք, որ ոչ մի բան էլ չի փոխվել, պետք է հեղափոխություն լինի. Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռերը»՝ որպես զինված խմբավորում, անելիք չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նույնանուն կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Մենք հայտարարել էինք զինված պայքարի էջը փակելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու, տվյալ փուլում՝ գործող կառավարությանը աջակցելու մասին: Խմբավորման առաքելությունն ավարտված է: Այն գոյություն ունի այնքանով, որքանով դատավարական գործընթացի սուբյեկտ է»,- ասաց Ավետիսյանը:
Վերջինս նշեց, որ եթե դատարանի տված լուծումը դրական չլինի, «պետք է հասկանանք, որ ոչ մի բան էլ չի փոխվել, պետք է հեղափոխություն կատարվի»:
Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ խմբի անդամները ազատ են ինքնուրույն որոշումներ կայացնել, նրանք ազատ են գործողությունների մեջ:
Նա ասաց, որ խմբի անդամներից շատերը միացել են կուսակցության ստեղծման աշխատանքներին:
Իսկ այն հարցին, թե Պավել Մանուկյանը լինելո՞ւ է նորաստեղծ կուսակցության անդամ, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ դա Մանուկյանի որոշելիքն է:










