ՀԱՊԿ երկրների ԱԻ համակարգող խորհրդի նիստը կանցկացվի սեպտեմբերի 12-ին Ալմաթիում

13:29 • 07.09.18

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 11-րդ նիստը կանցկացվի սեպտեմբերի 12-ին՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Այդ մասին հաղորդել է Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ТАСС-ը:


«Նիստի ժամանակ կքննարկվեն միջազգային կազմակերպությունների հետ հետագա համագործակցության հետ կապված հարցեր` արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում իրենց ներուժն օգտագործելու համար, արտակարգ իրավիճակների ստորաբաժանումների հետ մարտավարական-մասնագիտական վարժանքներ անցկացնելու, ՀԱՊԿ անդամ պետությունների համար կադրերի պատրաստման հիմնական ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ, արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների փոխգործակցությանն առնչվող և մի շարք այլ հարցեր», - ասվում է հայտարարությունում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ համակարգող խորհրդի նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարությունն ու ներկայացուցիչները և Ղազախստանի ՆԳ նախարարությունը, Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները:

Նշվում է, որ միջոցառմանը կմասնակցեն միջազգային կազմակերպություններ՝ Կենտրոնական Ասիայում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային ներկայացուցչությունը, Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային պատվիրակությունը, Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման կենտրոնը:

Հիշեցնենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկման դնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը: Ղազախստանի նախագահն ընդգծել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցն իրենց համար խնդիր է դարձել։