Դատարանի՝ ավելի քան 23 000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախագահն ազատ է արձակվել կալանքից
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ ավելի քան 23 000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախագահ Աղվան Պետրոսյանն ազատ է արձակվել կալանքից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աղվան Պետրոսյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:
«Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց Աղվան Պետրոսյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը, դատավորն ազատ արձակվեց ԱԺ պատգամավորներ Սուրեն Մանուկյանի և Հրաչյա Հակոբյանի անձնական երաշխավորությամբ»,- ասաց պաշտպանը:
Բացի դրանից, Մելքոնյանը հայտնեց, որ կալանքից 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել նաև գործով ամբաստանյալ, Գեղարքունիքի մարզի դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը և Աղվան Պետրոսյանի վարորդ Կարեն Մատիկյանը՝ 1,5 մլն դրամ գրավի դիմաց:
Նշենք, որ գործով 13 ամբաստանյալ կա՝ Գեղարքունիքի մարզի դատարանի արդեն նախկին նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, դատախազ Սևակ Շհոյանը և քաղաքացիներ Կարեն Մարտիկյանը, Հայկ Կարապետյանը, Մելանյա Գալստյանը, Կամո Գալստյանը, Էդվարդ Չինարյանը, Ռոբերտ Գրիգորյանը, Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանը, Վրույր Վարդանյանը, Լաուրա Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Աղվան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար։ Պետրոսյանը, հանդիսանալով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, իր վարույթում գտնվող քրեական գործերից մեկով՝ Գոռ Գալստյանի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից՝ նրանց որդու Գ. Գալստյանի և դստեր ամուսին Մասիս Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նույն անձանց օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ Գ. Գալստյանին մեղմ պատժի դատապարտելու, Մ. Կարապետյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար, իր վարորդ Կարեն Մարտիկյանի և Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի միջոցով ստացել է 23000 ԱՄՆ դոլար կաշառք։ Բացի դրանից, 2017թ. փետրվարի 27-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում՝ իր աշխատասենյակում, Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձանց օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն՝ Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալուն նպաստելու համար, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլն ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք։










