Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել, բարձրաձայնում է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն. ԲՀԿ-ից հերքում են և որակում այն էժանագին գործելաոճ

17:47 • 07.09.18

Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել, բարձրաձայնում է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին առաջադրված «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 62-րդ համարի ներքո հանդես եկած թեկնածու Գրիգորի Երիցյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. «Այսօր տեղեկացա, որ մեր համայնքում՝ Արաբկիրում, ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել:

Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը, իսկ ընկերներիս հորդորում, որ նման որևէ դեպքի ականատես լինելու դեպքում տեղեկացնեն ինձ:

Նոր Հայաստանում ընտրակաշառքը տեղ չունի»:



Tert.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց, թե դա «ֆեյք» տեղեկատվություն է:

«Բնականաբար, չի համապատասխանում  իրականությանը: Պարզապես դրանք շատ էժանագին և վաղուց իրենց սպառած քայլեր են. հորդորում եմ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ձեռնպահ մնալ այդ էժանագին գործելաոճից ու առաջնորդվել  բացառապես այն իրողություններով, որոնք իրական են»,- ասաց նա:

Տոնոյանը նշեց, որ այս հարցով իրենք ունեն Գագիկ Ծառուկյանի կոչը, և բացի դրանից, այսօր «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը կողմ է քվեարկել ընտրակաշառքի  խստացմանն ուղղված օրինագծին: «Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է: Սրանք ուղղակի էժանագին քայլեր են, որոնք բացառապես ֆեյքային հարթության մեջ են»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ գրառումը կատարել է ցուցակի անդամ թեկնածու և ոչ թե «ֆեյք» օգտատեր, պատգամավորը պատասխանեց, որ դեռևս երեկվանից է ֆեյսբուքյան տարբեր «ֆեյք» օգտատերերի կողմից այդ տեղեկատվությունը դրվել շրջանառության մեջ:

«Միգուցե այդ թեկնածուն այդ տեղեկատվությունն այդտեղից է վերցրել, ես չեմ կարող ասել՝ ինչն է նման հայտարարության համար հիմք հանդիսացել, սակայն որևէ նման բան գոյություն չունի»,- ասաց նա: