Կոնկրետ ընկերություն հայտ է ներկայացրել, բայց վերջնական որոշում չկա. Ա. Ահարոնյանը՝ 2000-ով տեսախցիկների թիվն ավելացնելու լուրերի մասին

22:28 • 07.09.18

Ծրագիրը դեռ քննարկման փուլում է, կոնկրետ ընկերություն կոնկրետ հայտ է ներկայացրել, բայց դա դեռ քննարկման փուլում է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե նախատեսվում է մոտ 2000-ով ավելացնել տեսախցիկները՝ ավտովթարների թվաքանակը խուսափելու նպատակով:

«Վերջնական որոշման դեպքում հանրությանը կտեղեկացնենք»,-հավելեց Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ առաջիկայում փողոցների տեսանկարահանումը խստացվելու է: Տեղադրվելու է մինչև 2 հազար հատ նոր տեսախցիկ:


Ոստիկանությունն ավելի ուշ պարզաբանում է տարածել, որում ասվում է հետևյալը.

«Armtimes.com-ի հրապարակումը մայրաքաղաքում տեսախցիկների նոր խմբաքանակի տեղադրման մասին պարզաբանման կարիք ունի:

Խոսքը ոչ թե կայացված որոշման, այլ ոստիկանության ներկայացված և ուսումնասիրման փուլում գտնվող ծրագրի մասին է:

Ըստ այդմ՝ վերջնական չէ նաև տեսախցիկների թիվը. շրջանառվող քանակը ծրագրով ներկայացվածն է, իսկ վերջնական թիվը, եթե ծրագիրը հավանության արժանանա, որոշվելու է ուսումանսիրությունների արդյունքներով:

Միևնույն ժամանակ նկատենք, որ տեսախցիկների տեղադրումը դիտարկվում է ոչ միայն ճանապարհային երթևեկության կառավարման, այլև ընդհանրապես հանցավորության դեմ պայքարի ու հանցագործության դեպքերի նվազեցման համատեքստում: Ուստի, անկախ նրանից, թե տեսախցիկների ինչ քանակ կնախատեսվի, դրանք համաչափության սկզբունքով պետք է տեղադրվեն և մայրաքաղաքում, և մարզերում:

Ինչ վերաբերում է լուրերին, թե տեսախցիկներ են տեղադրվում «ընդդեմ» վարորդների, ապա հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչապետի հանձնարարությամբ նախաձեռնել է տուգանքների նվազեցման գործընթացը, ինչպես և կիրառության մեջ է դրել երթևեկության կազմակերպման պատժական սկզբունքը ոստիկան-վարորդ-հետիոտն համագործակցության սկզբունքով փոխարինելու գործընթացը:

Ուստի, կրկնում ենք, ինչպես ուսումնասիրվող, այնպես էլ ոստիկանության կողմից կիրառման դրված ու նախատեսվող բոլոր ծրագրերը ուղղված են ոչ թե որևէ մեկին տուգանելուն, այլ մեր քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովմանը»: