ՀՀ որոշ մարմիններ հիմքեր են ստեղծել 2007-ի գործը վերաբացելու ու Հայկ Սարգսյանին դատապարտելու համար, գործում տուժողի ցուցմունքի պատճենն է, որի վրա դատարանը կալանքի հարց է քննում. պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի կալանքի վերաբերյալ հարցը՝ դռնբաց դատական նիստում։
Դատարանն այսօր քննում է խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին հարցը։
Դատական նիստի ընթացքում Հայկ Սարգսյանը հայտնեց իր տվյալները, ինչից հետո նրա պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանից 5 րոպե ընդմիջում խնդրեց գործի նյութերում առկա փաստաթղթերը դիտելու համար, ինչը բավարարվեց։
Ընդմիջումից հետո Երեմ Սարգսյանն ասաց, որ քրեական գործի նյութերում կան պատճեններ, որոնց բնօրինակները ներկայացված չեն։
«Ուստի միջնորդում եմ վարույթն իրականացնող մարմնից պահանջել պատճենների ճշտությունը, օրենքը հստակ սահմանում է, թե ոնց է դա արվում։ Եթե գործում կա միայն պատճեն, դատարանի մոտ որտեղի՞ց պետք է համոզմունք լինի, որ դա, օրինակ՝ համակարգչային եղանակով հավաքած չէ։ Ուստի միջնորդում եմ վարույթն իրականացնող մարմնից պահանջել բնօրինակները»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Մեղադրող դատախազ Առաքելյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ կարգով ներկայացրել է բոլոր ապացույցները. «Մեղադրանքի կողմը պաշաճ կերպով հաստատել է մեղադրանքը»։
Երեմ Սարգսյանը հակադարձեց, որ վկաների ու տուժողի հարցաքննության փաստաթղթերը բնօրինակներ չեն։
«Տուժողի ցուցմունքը, որը գործի կարևորագույն ապացույցն է, պետք է ներկայացվի պատշաճ կերպով, պատճեն է, այստեղ միայն խոսքերը բավարար չեն, սա կարծում եմ, որ դատարանին էլ է պետք»։
Միջնորդության վերաբերյալ դատախազն ասաց, որ դատաքննության ընթացքում կանդրադառնա այդ հարցին։
Դատավորը, լսելով կողմերին, ասաց,որ միջնորդությունը չի կարող քննության առնվել, որը սակայն կարող է ներկայացվել դատավարության հետագա փուլերում։
Երեմ Սարգսյանն, արձագանքելով, ասաց, որ դատարանը ցույց տվեց իր կողմնակալությունը։
«Նույնիսկ առաջին կուրսի իրավաբանը կասի, որ գործում ապացույցը չկա, ու դատավորը դրա պատճենի հիման վրա կալանքի հարց է քննում։ Մի կողմ թողեք կաշկանդվածությունը և իրականացրեք արդար դատաքննություն»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը հայտնեց, որ չնայած այն կոչերին, թե ՀՀ-ում բոլորն օրենքի առաջ հավասար են, այնուամենայնիվ, ՀՀ որոշ պետական մարմիններ՝ ոստիկանությունը, քննչական կոմիտեն ու դատախազությունը, խախտել են տարրական իրավական նորմերը.«Ընկնելով մրցակցության մեջ՝ ամեն գնով հիմքեր են ստեղծել, որ 2007-ի գործը վերսկսվի ու Հայկ Սարգսյանը հետագայում դատապարտվի»։
Դատական նիստը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող ՛՛SIGSAUER՛՛տեսակի ՛՛P266՛՛ մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:










