Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի. 26 մարդ համարվում է անհետ կորած

07:17 • 07.09.18

Ճապոնիայի հյուսիսում՝ Հոկայդո կղզում տեղի ունեցած 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի: Եվս 26 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին, ինչպես հաղորդում է Kyodo գործակալությունը, հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի հյուսիսում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իբուրի քաղաքի մոտ, իսկ օջախը գտնվել է 37 կմ խորության վրա:

Ացումա ավանում, որտեղ ցնցումների ուժգնությունը 7 բալ է եղել, երկրաշարժի հետևանքով բազմաթիվ սողանքներ են տեղի ունեցել: Փրկարարական ու որոնողական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:

Կղզում գրեթե ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչի հետևանքով 3 միլիոն տուն առանց լույսի է մնացել: Ուրբաթ առավոտյան հաջողվել է վերականգնել միայն 964 հազար տան էլեկտրամատակարարումը, սակայն կղզում էլեկտրաէներգիայի մատակարարման ամբողջական վերականգնման համար շուրջ մեկ շաբաթ կպահանջվի:

Հաղորդվում է նաև, որ տարերային աղետի հետևանքով վնասներ է կրել նաև նորակառույց Տիտոսե օդանավակայանը: Այն այժմ փակ է և բոլոր չվերթները չեղարկված են: