Մեքսիկայում զանգվածային գերեզմանում 166 դի է հայտնաբերվել

09:46 • 07.09.18

Մեքսիկայի Վերակրուս նահանգում ոստիկանությունը զանգվածային գերեզման է հայտնաբերել, որում եղել է 166 դի, հայտնում է france24.com-ը՝ նկատելով, որ Վերակրուսում արյունալի բախումներ են ընթանում տեղի նարկոկարտելների միջև:

Նահանգային դատախազ Խորխե Ուինքլերը նշել է, որ այս մեկը Վերակրուսում հայտնաբերված զանգվածային գերեզմանների շարքում խոշորագույններից է:

Դրա գտնվելու հստակ վայրը չի նշվում, սակայն հայտնի է, որ այնտեղ դեռևս աշխատում են դատաբժշկական փորձագետները:

Ուինքլերը մանրամասնել է, որ օգոստոսի 8-ից սկսված արտաշիրիմման գործընթացի շրջանակում քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 200 կտոր հագուստ, 144 հատ ID քարտ ու այլ անձնական իրեր:

Աղբյուրը նկատում է, որ Վերակրուսը հայտնի է կոռումպացված քաղաքական գործիչներով ու փողի և իշխանության համար պայքարող նարկոկարտելներով, որոնց թունավոր խառնուրդը բռնության սարսափելի ալիք է բարձրացրել:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2006թ. ի վեր Վերակրուսում անհետ կորել է ավելի քան 3.600 մարդ: Մինչդեռ նարկոկարտելների դաժան պայքարի հետևանքով վերջին տարիներին Մեքսիկայում սպանվել է 200.000-ից ավելի մարդ: Այդ առումով ռեկորդային է եղել նախորդ տարին, երբ գրանցվել է 28.702 զոհ և 37.000 անհետ կորած: