ANCA-ն կոչ է արել ուշադիր ուսումնասիրել Ադրբեջանում դեսպանի պաշտոնում Թրամփի առաջարկած թեկնածուին

10:48 • 07.09.18

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Կոնգրեսի անդամներին ամենայն զգուշությամբ ուսումնասիրել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությունը: Նշենք, որ Թրամփը մտադիր է Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակել Իրլի Լիտցենբերգերին։ Վերջինս կարիերային դիվանագետ է, որն այժմ բարձր պաշտոն է զբաղեցնում ԱՄՆ պետդեպում։

Ինչպես նշում է Asbarez-ը, ANCA-ն դիմել է նաև ամերիկահայերին, Հայաստանի բարեկամներին, իրավապաշտպան ակտիվիստներին ու խաղաղության համար պայքարողներին՝ խնդրելով նրանց տվյալ հարցով դիմել իրենց նահանգային սենատորներին:

Հայտնի է, որ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը պատրաստվում է քննարկել  դեսպանի պաշտոնում Լիտցենբերգերի թեկնածության հաստատումը: Սակայն մինչ այդ թեկնածուի հետ ծավալուն հարցուպատասխան է արվելու, ինչից հետո քվեարկություն է անցկացվելու սկզբում հանձնաժողովի, հետո ամբողջ Սենատի շրջանակում:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից տվյալ պաշտոնում առաջադրված թեկնածու Մեթյու Բրայզան երկու անգամ մերժվել է Սենատի կողմից Բաքվում որպես դեսպան աշխատելու հարցում, քանի որ սենատորները լուրջ կասկածներ են ունեցել Ադրբեջանի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նրա կանխակալ վերաբերմունքի հարցում:

Սովորաբար, ԱՄՆ սենատորներն Ադրբեջանում դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածուների հարցաքննության ժամանակ առանձնակի ուշադրություն են դարձնում խաղաղ բանակցային գործընթացի, հրադադարի ռեժիմի ամրապնդման, Ալիևի ռեժիմի վերաբերյալ ունեցած անհանգստությունների վերաբերյալ հարցերին: