ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ քննարկում է ընտրակեղծարարության պատասխանատվությունը խստացնելու մասին նախագիծը (ուղիղ)

10:59 • 07.09.18

Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ պատգամավորների քննարկմանն է ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: 

Նախագծով առաջարկվում է ընտրակեղծարարության պատասխանատվությունը խստացնել: Վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները: 

Բացի այդ, առաջարկվում է որոշ պատիժներ խստացնել և դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ և հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առնելով, որ վտանգ չեն ներկայացնում, այլ ընդհակառակը խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը:

Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունվել էր միաձայն: «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ կողմ են քվեարկում, քանի որ բանավոր ասվել էր, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում հնչեցված առաջարկությունները Կառավարության համար ընդունելի են: