Իրաքյան Բասրայում Իրանի հյուպատոսության ու նախագահական պալատի հրդեհում, բախումներ. անկարգությունների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ, լուսանկարներ)
Իրաքյան Բասրայում վերսկսված բողոքի ցույցերի հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի, զոհվել է 2 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Իրաքի առողջապահության նախարարության ներկայացուցչին հղումով։
Ավելի վաղ Al-Arabia հեռուստաալիքը՝ անվտանգության ուժերում աղբյուրի հղումով, հայտնել էր, որ մահացել է 1 մարդ, 11-ը՝ տուժել։
Համաձայն իրաքցի պաշտոնյայի՝ 21 մարդ հրազենային վնասվածք է ստացել, 24-ն՝ այլ բնույթի վնասվածքներ։
Հինգշաբթի երեկոյան ցուցարարները Բասրայում հրդեհել էին իրանամետ քաղաքական կուսակցությունների ու շարժումների գրասենյակները, իսկ ուրբաթ՝ Իրանի հյուպատոսությունն ու քաղաքի կենտրոնում գտնվող նախագահական պալատներից մեկը։ Ինչպես նշում է BBC-ն, ցուցարարներն Իրանին մեղադրում են Իրաքի վարած քաղաքականության վրա ազդեցություն ունենալու համար։ Կատարվածից հետո Իրանը կոչ է արել Բասրայում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել իրաքյան քաղաքը։
Իրաքի խորհրդարանը վերսկսված բողոքի ցույցերի հետ կապված այսօր արտահերթ նիստ կգումարի։
Իրաքյան Բասրայում երկուշաբթի օրվանից անկարգություններ են։ Հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են իշխանություններից լուծել քաղաքի խմելու ջրի, էլեկտրամատակարարման ու համատարած կոռուպցիայի հարցերը, անժամկետ բողոքի ցույցեր են անցկացնում, որոնք վերաճել են ուժայինների հետ բախումների։
Իրաքում բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի 8-ին՝ Բասրայում, ավելի ուշ տարածվել են այլ նահանգների վրա։ Կառավարությունը խոստացել էր լուծել քաղաքացիների ներկայացրած պահանջները, ինչից հետո ակցիաները դադարեցվել էին, սակայն մեկ ամիս անց դրանք վերսկսվել են նոր թափով։















