Իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով մահացել է 1 պաղեստինցի, վիրավորվել՝ 395-ը

02:00 • 08.09.18

Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինվորականների հետ շարունակվող բախումների հետևանքով մահացել է մեկ պաղեստինցի, վիրավորվել՝ 395-ը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Աշրաֆ ալ-Քիդրային:

«Գազայի հատվածի արևելյան սահմանին՝ Ռաֆիահ քաղաքի արևելյան հատվածում («Վերադարձի մեծ երթ» բողոքի ակցիաների-Tert.am) 24-րդ ուրբաթի ընթացքում մահացել է մեկ անչափահաս պաղեստինցի, իսկ 395-ը տարբեր վիրավորումներ են ստացել»,- հայտարարել է ալ-Քիդրան:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի խոսքով՝ վիրավոր պաղեստինցիներից 147-ը հոսպիտալացվել են, իսկ մյուսներն անհրաժեշտ բուժօգնությունը ստացել են տեղում:

Հիշեցնենք, որ «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան պաղեստինցիները կազմակերպել են մարտի 30-ին և անցկացնում են ամեն ուրբաթ: Բողոքի ցույցերը պարբերաբար վերածվում են բախումների, ինչի հետևանքով արդեն ավելի քան 170 պաղեստինցի է զոհվել: