Ն, Փաշինյանն է միջամտել, որ «Մարտի 1»-ի գործը վերաբացվի, «Նոյեմբերի 5-ն» ինչո՞ւ չի բացում, թե որն իր համար քաղաքական շահագրգռվածություն ունի, դա ուզում է բացել. Շանթ Հարությունյան

17:33 • 08.09.18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է միջամտել, որ «Մարտի 1-ի» գործը վերաբացվի, իսկ ինչո՞ւ չի վերաբացվում «Նոյեմբերի 5-ի» գործը:

Այս մասին այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Նոյեմբերի 5-ի» գործով վեց տարի ազատազրկման դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:

«Նախ Փաշինյանն ասում է՝ ես չեմ միջամտելու դատարանների գործին, թե չէ կնմանվեմ նախորդ ռեժիմին: Նախորդ ռեժիմին նմանվելու համար միջամտությունը չի լինելու ցուցիչ, բոլորն էլ իրավունք ունեն միջամտելու, ուղղակի միջամտել ապօրինությո՞ւն անելու համար, թե՞  արդարության իրականացման համար, ինքը երևի չի էլ հասկացել, որ քաղաքական իշխանությունը ոչ թե սխալ է անում, որ միջամտում է, այլ ապօրինի է միջամտում, որը պետք է արգելել:

Սա ինքը չի էլ տարբերում, որ կարող է արգելել ապօրինությունները կամ էլ հերթական մանիպուլյացիան է անում:
Հիմա, եթե ինքը չի միջամտել, այդ ինչպե՞ս եղավ, որ «Մարտի 1-ի»  գործը բացեցին, Քոչարյանինը նույնպես, Քոչարյանի նշանակած դատավորները մի օր արդարադատ դարձան, ասացին՝ պարո՛ն Փաշինյան, ինչ լավ է՝ չես միջամտում, մենք ուզում էինք՝ Քոչարյանին ձերբակալեինք, բայց Սերժ Սարգսյանը միջամտում էր, դե որ դու չես միջամտում, ձերբակալում ենք: Չէ, Նիկոլ Փաշինյանն է ասել»,-ասաց Շանթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ «Մարտի 1»-ի վերաբերյալ տվել են օպերատիվ կեղծ տեղեկություն, նույն բանը արել են 2013 թվականի նոյեմբերի 5-ին: Դատապարտյալը նշեց, որ նոյեմբերի 5-ին իրենց կոնֆլիկտը ոստիկանական համազգեստով մարդկանց հետ չի սկսել, սկսվել է քաղաքացիական հագուստով մարդկանց հետ, ով սադրել է իրենց՝ իմանալով, որ  պատասխան է ստանալու, հետո որ այդ քաղաքացիական զգեստով մարդու գլուխը վնասվել է, բացահայտվել է, որ ինքը ոստիկան է, այլապես ներկայացնելու էին որպես մեկ այլ քաղաքացի: 

 ««Մարտի 1-ի» գործով Նիկոլ Փաշինյանը պահանջել է բացել, այդ տասը տարվա վաղեմության գործը կարող են բացել, նմանատիպ գործը հինգ տարի առաջ է եղել, ինչո՞ւ չեն բացում: Նիկոլը ճիշտ է անում, բացում է սարքոցիները, բա թող «Նոյեմբերի 5»-ն էլ բացի, թե՞ որն  իր համար քաղաքական շահագրգռվածություն ունի, դա ուզում է բացի, իսկ որը չունի, չի ուզում բացել»,-ասաց Հարությունյանը:

Շանթ Հարությունյանը  նաև ասաց, որ իրեն ազատ են արձակում բաց ռեժիմով, որպեսզի ժողովրդի մեջ լուրեր տարածեն, թե Շանթ Հարությունյանն ընտրություններին չի մասնակցում, որովհետև հաշվարկ է արել, որ բավարար թվով ձայներ չի ստանա:

«Ես ԱԱԾ-ին այդ շանսը տամ, որ մանիպուլյացիա անի, թե ազատել են ինձ, ես էլ քաղաքական գործունեությամբ չեմ ուզում զբաղվել, ինչի համար բանտում եմ հայտնվել, որ մանիպուլյացիա անեն: Նույնիսկ շանս չեմ տվել, բայց ասում են՝ ազատում են, դուրս չի գալիս, հիմա այդ շանսը տամ ԱԱԾ-ին»,-ասաց Հարությունյանը: