Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում բնակվող հայ գործարարներին կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում, հանդիպում է ունեցել ՌԴ մայրաքաղաքի գործարար շրջանակների հայ ներկայացուցիչների հետ, որոնց կոչ է արել ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ:
«Ձեզ կոչ եմ անում ներդրում կատարել Հայաստանում, աշխատատեղեր ստեղծել և հարկեր վճարել՝ վստահ լինելով, որ այդ գումարները չեն հայտնվի վարչապետի ընտանիքի անդամների կամ պաշտոնյաների գրպաններում: Այսօր Հայաստանում կառավարությունը երաշխավորում է յուրաքանչյուր բիզնեսի և ներդրումների անվտանգությունը»,- ինչպես փոխանցում է РУСАРМИНФО-ն, ասել է Փաշինյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ:
Մոսկվայի Ararat Park Hyatt հյուրանոցում կայացած հանդիպմանը ներկա են եղել հայտնի գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Կամո Ավագումյանը, Գոռ Հայրապետյանը, Գագիկ Զաքարյանը, Մակար Նահապետյանը, Վահագն Աբգարյանը:
Գործարարների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը կարևորել է նաև տեքստիլի, կոշիկի արտադրության, թեթև արդյունաբերության, ադամանդագործության, ոսկերչության, սննդամթերքի արդյունաբերության, տուրիզմի, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը:










