Եթե Սիրիայում քիմիական զենք կիրառվի՝ պատասխանը չի ուշանա․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին հայտարարել է, որ եթե Սիրիայում քիմիական զենք կիրառվի՝ միջազգային հանրության պատասխանը չի ուշանա. պատասխան քայլերին կմիանա նաև Փարիզը, գրում է Europe 1 պարբերականը։
Ֆրանսիացի նախարարը պնդել է, որ անցյալում Սիրիայի իշխանություններն ու նրանց դաշնակիցները վստահաբար կիրառել են քիմիական զենք ընդդիմադիրների դեմ գործողություններում և այժմ նույնը կարող են անել Իդլիբում։
«Մենք վերահաստատել ենք, որ կարմիր գիծը հատելու դեպքում կլինի պատասխան, մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից»,- ասել է Փարլին։
Նա շեշտել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամիսներ շարունակ կապի մեջ է շարունակում մնալ ու բանակցություններ վարել սիրիական հակամարտության կարգավորման երաշխավոր երկրներ հանդիսացող Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի հետ։
Սեպտեմբերի 4-ին հայտնի է դարձել, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը մասնակցում են սիրիական Իդլիբ նահանգի դեմ թիրախային ռմբակոծմանը, ինչն արվում է նահանգը զինված ընդդիմադիրներից ազատագրելու նպատակով:
Հատկանշական է, որ ռմբակոծումից ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ու նրա դաշնակիցներ Ռուսաստանին ու Իրանին զերծ մնալ ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի դեմ «անխոհեմ» հարձակում գործելուց:










