ԻՊ ահաբեկիչներն Իրաքում նավթամուղ են պայթեցրել
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են Քիրքուքից դեպի Դուբիզ անցնող նավթամուղը, այս մասին գրում է Rudaw գործակալությունը՝ հղում անելով տեղի քրդական անվտանգության ուժերին։
Հայտնի է, որ հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Աղբյուրը նշում է, որ մինչ այս պահը կրակը մարել դեռևս չի հաջողվում:
Հիշեցնենք, որ Քիրքուքը վիճելի է տարածք է համարվել Իրաքյան Քրդստանի ու Բաղդադի միջև։ Իրաքյան Քրդստանի հանրաքվեից հետո, երբ տեղի քրդերը նույնպես մասնակցեցին քվեարկությանը, Իրաքի իշխանությունները ռազմական գործողություն ձեռնարկեցին ու կրկին վերահսկողություն սահմանեցին Քիրքուքում։
Քիրքուքի նահանգապետ Ռաքան ալ Ջաբուրին դեռևս ամիսներ առաջ զգուշացրել էր տեղում ԻՊ-ի «քնած բջիջների» մասին, որոնք ամեն հարմար առիթի կարող են անցնել ակտիվ գործողությունների։










