Ռուսաստանը չի վստահում միայն Փաշինյանի կառավարության որոշ անդամների, որոնց մասին ռուսական ԶԼՄ-ները պարբերաբար ու բաց գրում են. Սուրեն Սարգսյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարևոր էր:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Սա 4 ամսվա ընթացքում Փաշինյան-Պուտին 3-րդ հանդիպումն էր: Հանդիպումից առաջ, գիտեք, խոսվում էր, որ հայ-ռուսական հարաբերություններում կա լարվածություն, կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է օր առաջ լուծել, որովհետև չեն համապատասխանում ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունների էությանը: Հանդիպումը փորձ էր ներկայացնելու այն իրողությունը, որը Հայաստանում առկա է, այն խնդիրները, որոնք կան: Կարևորում եմ նման հանդիպումները: Եթե լինում են խնդիրներ՝ հանդիպումների հաճախականությունն ու երկխոսությունը շատ կարևոր են դառնում»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Վերջինս նշեց, որ «Մարտի 1-ի» գործի հետ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ միանշանակ են ընդունվել Ռուսաստանի կողմից. ՌԴ-ն տեղեկացրել է, որ գործով մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին չի արտահանձնի Հայաստանին, որովհետև նա ՌԴ քաղաքացի է:
«Ռուսաստանն իր ներպետական իրավունքի շրջանակներում գործել է այնպես, ինչպես Հայաստանն իր ներպետական իրավունքի շրջանակներում: Չեմ հիշում որևէ փուլ, որ հայ-ռուսական հարաբերությունները լարված լինեն: Այո, կան անհասկացվածություններ, լրացուցիչ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն կա, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերությունները ծայրաստիճան վատ են»,- նշեց Սուրեն Սարգսյանը:
Նա չհամաձայնեց քաղաքագետների այն տեսակետների հետ, որ Հայաստանն ու Ռուսաստանը իրար չեն վստահում: Ըստ նրա՝ Ռուսաստանը չի վստահում միայն Փաշինյանի կառավարության որոշ անդամների, որոնց մասին ռուսական ԶԼՄ-ները պարբերաբար ու բաց գրում են:










