Թուրք-հունական սահմանին երկու թուրք զինվոր է ձերբակալվել

10:21 • 10.09.18

Երկու թուրք զինվոր, խախտելով թուրք-հունական սահմանը, հայտնվել է Հունաստանի տարածքում և ձերբակալվել, գրում է diken.com.tr կայքը։

Զինվորները պնդել են, թե սահմանն անցել են անզգուշորեն, նրանք ձերբակալված են մնացել 7 ժամ, այնուհետև ազատ արձակվել։ Հայտնի է, որ զինվորները վերադարձվել են Թուրքիա։ Նրանց զինվորական կոչման մասին մանրամասներ ներկայացված չեն։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիայում ամիսներ շարունակ բանտարկված երկու հույն զինվորականները վերջապես ազատ էին արձակվել։

Այս տարվա մարտի 1-ին թուրքական սահմանը հատած հույն զինվորականներ Անգելոս Միտրետոդիսն ու Դիմիտրիս Կուկլազիսը մեղադրվում էին պետական սահմանի անօրինական հատման ու լրտեսության համար։

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, մեկնաբանելով թուրքական դատարանի որոշումը, այն անվանել էր քայլ, որը կնպաստի տարածաշրջանում բարեկամական ու դրացիական կապերի հզորացմանը։