Գերմանիան կարող է մասնակցել Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությանը. Bild

12:33 • 10.09.18

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դիտարկում է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համատեղ ռազմական գործողությանն իր մասնակցության հավանականությունը, գրում է Bild պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ Բեռլինում, մասնավորապես, չեն բացառում Tornado տեսակի ռազմական ինքնաթիռների օգտագործումը ենթադրյալ օդային հարվածներից առաջ հետախուզական թռիչքների համար։ Դրանք կարող են նաև օգտագործվել հարվածներից հետո հասցված վնասի հետազոտման ու նույնիսկ հենց անմիջական հարվածների համար։

Bild-ն ընդգծում է, որ Գերմանիայի մասնակցությունը Սիրիայի դեմ հնարավոր օդային գործողությանը կարող է պատմական դեր խաղալ։ Ի վերջո, նման քայլով Գերմանիան անմիջական հակասության մեջ կմտնի Մոսկվայի հետ։

Այնուամենայնիվ՝ վերջնական որոշումը պետք է կայացնի Անգելա Մերկելը։

Նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին հայտարարել է, որ եթե Սիրիայի Իդլիբ շրջանում, ուր սիրիական բանակն իր դաշնակիցների հետ ռազմական գործողություն է սկսել օրեր առաջ, քիմիական զենք կիրառվի՝ Ֆրանսիան կձեռնարկի պատասխան քայլեր։

Սեպտեմբերի 4-ին հայտնի է դարձել, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը մասնակցում են սիրիական Իդլիբ նահանգի դեմ թիրախային ռմբակոծմանը, ինչն արվում է նահանգը զինված ընդդիմադիրներից ազատագրելու նպատակով:

Ռուսական կողմն օրերս զգուշացրել է Իդլիբում քիմիական զենքի կիրառմամբ հնարավոր սադրանքի մասին։