«Եթե ամեն օր ցույց լինի, կստացվի՝ ինչպես Երևանում». Մարգարիտա Սիմոնյան
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է նախօրեին Ռուսաստանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ անցկացված ցույցերը, գրում է novosti-saratova.ru-ն:
Նրա խոսքով՝ երիտասարդների մեծ մասը Ռուսաստանի տարբեր քաղաքներում ցույցերի է դուրս եկել հետաքրքրվածությունից դրդված:
«Դեռահասների ցույցերում սարսափելի ոչինչ չկա: Այդ տարիքում դրանք նույնքան նորմալ են, որքան դեմքի բշտիկները: Սարսափելի է, երբ հանրահավաքների գնում են մեծահասակները՝ ընտանիք ունեցողները, զբաղվածները, հոգնածները: Այ դա իսկապես զանգ է իշխանությունների համար: Իսկ եթե մեծահասակները շատ են և հաճախ են գնում, ապա դա արդեն զանգ չէ, այլ ահազանգ: Իսկ եթե ընդհանրապես ամեն օր և կես տարի, կստացվի՝ ինչպես, օրինակ, Երևանում»,- իր Telegram-ալիքում գրել է Սիմոնյանը:
RT-ի գլխավոր խմբագիրը հավելել է, որ երիտասարդների ցանկությունը՝ մասնակցել հանրահավաքներին, նույնքան բնական է, որքան, օրինակ, առաջին անգամ օղի փորձելու, ավտոմեքենա վարելու և դաջվածք անելու ցանկությունը:










