ՌԴ մասնագետները Հայաստանում գործող բիոլաբորատորիաներ մուտքի թույլտվություն են ստացել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ-ից մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործել Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ:
«Բառացիորեն 10-15 օր առաջ իմ հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ է տրվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ նա դարձել է Հայաստանի վարչապետ»:
«Այդ լաբորատորիաներն ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ են: Մենք պատրաստ ենք համագործակցության, և ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ այնտեղ՝ այդ լաբորատորիաներում, ոչ մի սարսափելի բան չկա: Այդ լաբորատորիաները շատ բարձր որակի են: Ես կարծում եմ, որ շատ լավ է, որ մեզ մոտ նման որակյալ լաբորատորիաներ կան»,- հավելել է Հայաստանի վարչապետը:










