ԱԺ-ում քննարկման է ներկայացվել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը
Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը: Առաջադրված թեկնածուն Կարեն Կարապետյանն է:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ քննարկումների արդյունքում համոզվել է, որ Կարեն Կարապետյանն ունի իսկապես այն մասնագիտական որակները, որ իրականացնի պատասխանատու առաքելությունը:
«Կարեն Կարապետյանը մեծ փորձ ունի Վերահսկիչ պալատում աշխատանքի, և այդ փորձը թույլ կտա նոր պաշտոնում լիիրավ ներդնել իր կարողությունները: Նա պետական մարմիներում ևս աշխատանքային փորձ ունի»,-ասաց Գագիկ Մինասյանը:
Վերջինս նշեց, որ թեկնածությունը ներկայացվել է ՀՀԿ-ի կողմից, և որևէ այլ խմբակցություն այլ թեկնածություն չի առաջադրել, և նիստին մասնակից բոլոր անդամները կողմ են քվեարկել թեկնածության օգտին:
Կարեն Կարապետյանը ներկայացրեց իր աշխատանքային փորձը և տեսլականը:










