Երևանի բյուջեի ծախսերը, մուտքերը լինելու են տեսանելի և օնլայն տեղադրվելու է կայքում. Զարուհի Փոստանջյան
ՀՀ «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագիրը և նշեց, որ իրենց կարգախոսն է «Արդարություն և օրենք» ու ներկայացնում են 19 կետից բաղկացած ծրագիր:
«Մենք պատրաստվում ենք ստանձնել Երևանի կառավարումը և ծառայել մեր քաղաքացիներին: Ունենալու ենք Երևանի վարչական կառավարման քաղաքականություն, որն իր մեջ ներառելու է բաց և թափանցիկ ղեկավարում: Երևանի բյուջեի ծախսերը, մուտքերը լինելու են տեսանելի և օնլայն տեղադրվելու է կայքում»,-ասաց նա և նկատեց, որ Երևանի բյուջեի հիմնական մասը տարբեր եղանակներով յուրացվում է, իսկ իրենց ծրագրով բյուջեից գումարի ցանկացած մուտքին և ելքին պետք է հանրությունը տեղյակ լինի:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ծրագրի դրույթները վերաբերում են հողային քաղաքականությանը, որը պետք է տնտեսության զարգացմանը ծառայի, քաղաքաշինությանը, Երևանի բնակելի սոցիալական ֆոնդի բարելավմանը, հանրային տրանսպորտին, կանաչապատմանը, ոռոգման համակարգի վերակազմակերպմանը, աղբահանությանը, աղբի մշակմանը, գերեզմանատներին, սոցիալական բնակարաններին, վերելակային տնտեսությանը, համայնատիրությունների աշխատանքին, կոմունալ ծառայություններին, առողջապահական ծառայությունների հասանելիությանը: Նա նաև կարևորեց կրթության, մշակույթի, թանգարանների ոլորտները:
Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի»-ից մարդկանց դուրս գալուն, նա ասաց, որ բնականոն գործընթաց է` մարդիկ գալիս են, գնում են: «Շնորհակալ ենք բոլորին համագործակցության համար, մաղթում ենք հաջողություններ»,-ասաց նա:
Նա նշեց, որ այսօր խնդիրը ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպելն է և այդ առումով քաղաքական կամք է պետք: «Մենք ունենք լայն շրջապատ ամբողջ աշխարհով մեկ»,-ասաց նա:
Թեկնածուն ասաց, որ արդեն իսկ կան նախընտրական խախտումներ, որոնք կարելի էր թույլ չտալ: «Բայց դրա համար պետք է կրես այդ ազատության մշակույթը, քաղաքական կամք ունենաս, մենք ունենք արդեն խախտումներ, բայց դրանք կվերածվե՞ն այնպիսի խախտումների, որոնք կազդեն ընտրությունների արդյունքների վրա, դրանք ցույց կտան ընտրությունները»,-ասաց նա և նկատեց, որ այսօրվա իրավապահ մարմինները օպերատիվ տվյալներ ունեն և կարող են հեշտությամբ կանխել ընտրակաշառքները, եթե քաղաքական կամք լինի:
«Քաղաքականությունը լուրջ գործունեություն է, պետք է հավասարակշռությունը պահես, խաղի չվերածես: Ես կողմնակիցն եմ, որ հանրությունը լինի բազմազան, և դա է ցանկացած գործի հաջողությունը»,-ասաց նա:










