«Ֆլորենս» փոթորկի պատճառով Հարավային Կարոլինայի բնակիչները կտարհանվեն

02:49 • 11.09.18

ԱՄՆ Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի ՄքՄասթերը հայտարարել է, որ երեքշաբթի կեսօրին կսկսվի մարդկանց տարհանումը նահանգի ափամերձ գոտիներից, գրում է РИА Новости-ն:

Նահանգապետը հաղորդել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ստորագրված են, և խոսքը մոտ 300 կմ երկարությամբ ափամերձ գոտու մասին է: Սակայն իշխանությունները չեն բացառել նաև, որ կտարհանվեն ափամերձ շրջանների, ինչպես նաև նահանգի խորքում գտնվող երկու շրջանի՝ Դորչեսթերի և Բերկլիի բնակիչները:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա և Վիրջինիա նահանգների նահանգապետերն արտակագ դրության ռեժիմ են հայտարարել նահանգներում՝ կապված մոտեցող «Ֆլորենս» փոթորկի հետ: Փոթորկին առայժմ տրվել է հզորության 4-րդ աստիճան, սակայն օդերևութաբանների տվյալներով այն կարող է ուժեղանալ՝ հասնելով մինչև վտանգի 5-րդ աստիճանի: