Ինդոնեզական նահանգում կանանց և տղամարդկանց արգելվել է մի սեղանի շուրջ սնվել
Ինդոնեզական Աչեհ նահանգում, որտեղ տիրում են արմատական իսլամական խիստ կանոններ, կանանց ու տղամարդկանց արգելվել է ռեստորաններում ու սրճարաններում միևնույն սեղանի շուրջ նստել:
Ինչպես հայտնում է The Independent-ը, արգելքի համար բացառություն կլինեն միայն այն կանայք ու տղամարիկ, որոնք ամուսնացած են կամ բարեկամներ են:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Աչեհն Ինդոնեզիայի ամենապահպանողական նահանգներից է, որտեղ հրապարակայնորեն մտրակում են ալկոհոլ, թմրանյութ օգտագործելու, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու և շարիաթի օրենքին հակասող այլ բաների համար:
Նահանգի իշխանությունները նոր արգելքի սահմանմամբ փորձում են կանանց ստիպել պահպանել շարիաթի կանոններն ու իրենց ավելի պարկեշտ պահել:
«Չամուսնացած կանայք ու տղամարդիկ, ինչպես նաև մտերիմ բարեկամներ չհանդիսացող մարդիկ չպետք է ուտեն-խմեն նույն սեղանի շուրջ, քանի որ ըստ շարիաթի կանոնների՝ դա մեղք է»,-ասել է նահանգի Իսլամական հարցերով վարչության ղեկավարը:
Նա ընդգծել է, որ արգելքը հնարավորություն կտա պաշտպանել կանանց պատիվը, ինչպես նաև թույլ կտա նրանց ավելի ապահով զգալ:
Պաշտոնյան հավելել է, որ բացի այդ, արգելվել է երեկոյան 9-ից հետո առանց ամուսնու ու մտերիմ բարեկամի դուրս եկած կանանց սնունդ չվաճառել:










