Վրաստանի նախկին նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին երկրի տարածքում մարդկանց նկատմամբ գաղտնի փորձեր անելու համար

17:03 • 11.09.18

ԱՄՆ զինվորականները և պայմանագրային աշխատակիցները կարող էին Վրաստանի տարածքում գործող լաբորատորիայում գաղտնի փորձեր անցկացնել մարդկանց նկատմամբ: Այդ մասին երեքշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն, հայտնում է ТАСС-ը:

«Փաստաթղթերի միայն մի մասի նախնական ուսումնասիրությունը, իսկ դրանք հարյուրավոր, հազարավոր էջեր են, որոնք ինձ փոխանցվել են Վրաստանից՝ իմ ընկերների կողմից, ցույց է տալիս, որ Լուգարի լաբորատորիայում (Ռիչարդ Լուգարի հանրային առողջապահության հետազոտական կենտրոն) ԱՄՆ ռազմաբժշկական խմբի կենսաբանների և մասնավոր պայմանագրային աշխատողների կողմից կարող էին գաղտնի փորձեր իրականացվել Վրաստանի բնակիչների նկատմամբ: Մի շարք նման փորձեր իմ հայրենակիցների համար մահվամբ են ավարտվել»,- ասել է նա:

Գիորգաձեն հայտնել է, որ նա ունի 30 մարդուց բաղկացած ցանկ, որոնք մահացել են հեպատիտ C-ից և որոնք բուժում էին ստանում Լուգարի լաբորատորիայի մասնագետների մոտ: Նա ուշադրություն է հատկացրել այն փաստի վրա, որ դրանք միայն 2015 թվականի դեկտեմբերի տվյալներն են:

«Ընդ որում՝ փաստաթղթերում գրանցվել է, որ 30-ից 24-ը մահացել է մեկ օրվա ընթացքում», - ասել է նա:

Ռիչարդ Լուգարի հանրային առողջապահության հետազոտական կենտրոնը բացվել է 2011 թվականին, Թբիլիսիի արվարձանում, ամերիկյան կառավարական ծրագրով: