Լեհաստանի ԱԳՆ-ից հեռացվել են Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի բոլոր շրջանավարտները
Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակազմը վերջին տարիներին գրեթե ամբողջությամբ թարմացվել է, նախարարությունից հեռացվել են հանրահայտ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի բոլոր շրջանավարտները:
Ինչպես հայտնում է aif.ru-ն, այս մասին պատմել է Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը, որի խոսքով՝ նախարարության ղեկավարների թիմը գրեթե 100%-ով փոխվել է:
«Այժմ երկրում և արտասահմանում ղեկավար պաշտոններ զբաղեցնողների շարքում չկան այնպիսինները, որոնք աշխատել են կոմունիստական վարչություններում կամ եղել են Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտներ»,- Լեհաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Չապուտովիչը:
Նա ընդգծել է, որ 2016թ. Լեհաստանի ԱԳՆ-ն 435 նոր աշխատող է ընդունել: Նախարարի խոսքով՝ այս պրակտիկան միանգամայն նորմալ է Եվրոպայում ու անհրաժեշտ է նախարարության արդյունավետ աշխատանքի համար:
Աղբյուրը հավելում է, որ Չապուտովիչն ընթացիկ տարվա հունվարին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, հայտնել էր նոր կադրային քաղաքականության՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտներին աշխատանքից հեռացնելու մասին: Փոխարենը նա որոշել է ընդունել Լեհաստանի դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտներին:










