«Փաշինյանի և Պուտինի հանդիպումը կողմերին վերադարձրել է երկխոսության». քաղաքագետ Կուրտովը՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման մասին

10:41 • 11.09.18

Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը դրական է անդրադարձել երկու երկրների միջև հարաբերությունների վրա և կողմերին վերադարձրել է երկխոսության: Այդ մասին rusarminfo.ru-ի հետ զրույցում հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Աժդար Կուրտովը:

«Հանդիպումը հաստատել է Ռուսաստանի հետ բարեկամական կապերի աջակցության ուղղությամբ Հայաստանի ներկայիս ղեկավարության կուրսի անփոփոխ լինելը, սակայն վերջին մի քանի ամիսներին՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո, հիմքեր կային կասկածելու, որ նախկին նախագահների ժամանակ ձևավորված կուրսը կշարունակվի նաև ներկա իշխանությունների ժամանակ: Դա անհանգստություն առաջացրեց ռուսական քաղաքական շրջանակներում և հայ հասարակության որոշ հատվածում: Առնվազն հայտարարությունների մակարդակում այդ անհանգստությունն այժմ վերացված է»,- ասել է Կուրտովը:

Փորձագետի կարծիքով՝ այժմ եկել է ժամանակը, որ Հայաստանը և Ռուսաստանը հաստատեն իրենց բարեկամական հարաբերությունները կոնկրետ փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք կվկայեին Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի անփոփոխության մասին:

Աժդար Կուրտովը հավելել է, որ չնայած նրան, որ երկկողմ հանդիպումից հետո չեն ստացվել բոլոր հարցերի պատասխանները, հայկական կողմին հաջողվել է հաստատել իր դիրքորոշումը, որ նա չի պատրաստվում Ռուսաստանի հետ բաց առճակատման գնալ և փորձում է բոլոր հարցերը լուծել երկխոսության ճանապարհով: