Այսօր 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 17-րդ տարելիցն է. Ջորջ Բուշը ողբերգության պահին և դրան հաջորդած օրերին՝ արխիվային ֆոտոշարքում (լուսանկարներ)
Այսօր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական շարքի 17-րդ տարելիցն է: Այդ առնչությամբ Daily Mail-ը հրապարակել է հազվագյուտ լուսանկարներ, որոնցում պատկերված է ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ կրտսերն՝ ահաբեկչության րոպեներին և դրան հաջորդած օրերին:
Առաջին հարձակման պահին Բուշը գտնվել է Ֆլորիդայի Սարասոտա քաղաքի դպրոցներից մեկում: Նրա հանդիպումը երեխաների հետ արագ ավարտվել է, ինչից հետո նա շտապել է դատարկ դասասենյակ՝ իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար:
Այժմ լուսանկարները, որոնք Ջորջ Բուշի նախագահական գրադարանի և թանգարանի մաս են կազմում, ցույց են տալիս Բուշի գործունեությունը որպես երկրի նախագահ ԱՄՆ-ի պատմության ողբերգական այս շրջանում:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 2.983 մարդ, որոնց անուններն ամեն տարվա սեպտեմբերի 11-ին մետրոնոմի հարվածների ներքո մեկ առ մեկ ընթերցվում են ողբերգությունից հետո Մանհեթենում կառուցված հուշահամալիրում:
2001թ.-ի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը մի շարք ահաբեկչական հարձակումներ է իրականացրել Միացյալ Նահանգներում։ Խմբավորման 19 գրոհայիններ առևանգել են չորս ինքնաթիռ, որոնցից երկուսը՝ «American Airlines Flight 11»-ը և «United Airlines Flight 175»-ը, ուղարկվել են Մանհեթեն, որտեղ բախվել են Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային և Հարավային աշտարակներին։ Առևանգված օդանավերից երրորդն ուղարկվել է Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում։


























