Հաշմանդամությունը հիվանդություն չէ, հաշմանդամություն ունեցող մարդիկ հիվանդություն ունեցող մարդիկ չեն. Մանե Թանդիլյան

13:47 • 11.09.18

Պետք է լինի ընկալում, որ հաշմանդամությունը հավասարապես բոլորի խնդիրն է, ոչ թե առանձին գերատեսչության կամ առանձին քաղաքացու: Այս մասին հաշմանդամություն ունեցող անձանց հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Շատ կարևոր եմ համարում բարձրաձայնել հարցեր, որոնց մասին սովորություն ունենք լռելու, որովհետև դրանց լուծումները հեշտ չեն տրվում: Պետք է լինի ընկալում, որ սա հավասարապես բոլորի խնդիրն է, ոչ թե առանձին գերատեսչության կամ առանձին քաղաքացու: Հաշմանդամությունը հիվանդություն չէ, հաշմանդամություն ունեցող մարդիկ հիվանդություն ունեցող մարդիկ չեն»,- ասաց Մ. Թանդիլյանը:

Նա ասաց, որ երբ մի գերատեսչություն է պարտավորվում լուծել հարցը, պետության համար դա շատ ավելի ծախսատար է, քան ներառականությունը երկարաժամկետ ապահովելը:

«Մենք պետք է քաղաքը, կրթությունը, մշակույթը, սպորտը դարձնենք մատչելի: Այդպիսով թե՛ հասարակությունն է դառնում ավելի լավը, առաջ գնացող, առաջադեմ, թե՛ ծախսերն եմ բաշխված լինում: Հաշմանդամություն ունեցող անձանց պոտենցիալը որևէ բանով չի զիջում: Դրանում համոզված ենք՝ Արտակ Զեյնալյանին, այլ մարդկանց տեսնելով: Դրա համար բավարար է միայն շփվել իրենց հետ և կտեսնենք, որ լուրջ պոտենցիալ ենք կորցնում, չենք ապահովում այդ խնդրի լուծումը բոլորի հետ միասին»,- շեշտեց Մանե Թանդիլյանը:

Ըստ նրա՝ հաշմանդամություն ասելով՝ չպետք է միայն սայլակով տեղաշարժվող մարդկանց ընկալենք, պետք է հասկանանք, որ կան տեսողության, լսողության խնդիրներ, և մենք պարտավոր ենք ապահովել բոլորի հասարակության լիարժեք մաս լինելը:

«Երբ ես դեռևս այս պաշտոնին չէի, մտածում էի, որ եվրոպական առաջադեմ երկրներում հաշմանդամություն ունեցող մարդիկ ավելի շատ են, քան մեր երկրներում: Այնինչ դա այդպես չէ: Այստեղ պարզապես նրանք լսված չեն, սոցիալական մեկուսացման մեջ են գտնվում»,- նշեց Թանդիլյանը: