Թրամփը ստացել է Կիմ Չեն Ընի նամակը և պատրաստվում է նոր հանդիպում անցկացնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակը և պատրաստվում է նոր հանդիպում կազմակերպել: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«Նախագահը Կիմ Չեն Ընից նամակ է ստացել: Դա շատ ջերմ ու դրական նամակ էր: Մենք այն ամբողջությամբ չենք հրապարակի»,- հայտնել է Սանդերսը՝ հավելելով, որ նամակի հիմնական նպատակն ԱՄՆ նախագահի հետ նոր հանդիպման կազմակերումն էր: «Մենք պատրաստ ենք դրան և արդեն գնտնվում ենք կոորդինացման փուլում»,- հայտարարել է նա:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ նամակը ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև բանակցություններում առաջընթացի մասին վկայող հերթական ապացույցն է:
«Մենք ուզում ենք, որ այն (հանդիպումը-Tert.am) կայանա, և դրա կազմակերպման աշխատանքներն արդեն տարվում են»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Թրամփի ու Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 12-ին Սինգապուրում: Հանդիպման արդյունքերով ստորագրվել է փաստաթուղթ առ այն, որ Վաշինգտոնը Փհենյանին անվտանգության երաշխիքներ է տալիս, մինչդեռ Փհենյանն իր հերթին հաստատում է իր հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում:










