Նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի ընտրություններում ֆավորիտ է դարձել. НГ

12:29 • 11.09.18

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններում կաջակցի անկախ թեկնածու, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիին: Համապատասխան որոշումը կայացվել է կուսակցության քաղխորհրդի նիստում՝ կուսակցության նախագահ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությամբ: Այդկերպ նախընտրական մրցապայքարում հայտնվել է ակնհայտ ֆավորիտ: Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ Զուրաբիշվիլին կարող է ընտրություններում հաղթել միայն դրանց ամբողջական կեղծման դեպքում, գրում է Независимая Газета-ն:

«Վրացական երազանքը» որոշ առումով խախտել է իր խոստումը։ Կուսակցությունը խոստացել էր հայտնել թեկնածուի անունը, որին իրենք աջակցում են, միայն այն բանից հետո, երբ հայտնի դառնա ընտրությունների մասնակիցների ամբողջ ցանկը: Իսկ ԿԸՀ թեկնածուների գրանցման դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է: Գրանցումն իր հերթին փակվելու է ևս 10 օրից:

Հայտնի է, որ ԿԸՀ-ն ընտրություններին մասնակցելու թույլտվություն է տվել արդեն վեց մարդու: Նրանցից առավել հայտնիներն են՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, «Միացյալ ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից խորհրդարանի նախկին խոսնակ Դավիդ Բաքրաձեն: Նախագահ դառնալ ցանկացող մյուս 40-ի փաստաթղթերը, այդ թվում՝ Սալոմե Զուրաբիշվիլիինը, դեռ ստուգվում են:

Այնուամենայնիվ, կասկածներ չկան, որ Զուրաբիշվիլին կկարողանա մասնակցել ընտրություններին, ինչպես նաև, որ նա մեխանիկորեն արդեն իսկ դարձել է ֆավորիտ՝ ստանալով իշխող կուսակցության աջակցությունը և, հետևաբար, լուրջ ֆինանսական ռեսուրսներ՝ որակյալ նախընտրական քարոզարշավի համար:

Զուրաբիշվիլիի հետ կապված Վրաստանի հասարակության գլխավոր դժգոհությունը վերաբերում է 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի գնահատականներին: Նախկին արտգործնախարարը բացմիցս հայտարարել է, որ պատերազմին հասցրել է Միխեիլ Սաակաշվիլիի և նրա թիմի անխոհեմ քաղաքականությունը: Այդ ելույթների համար ընդդիմությունը նրան անվանել է ռուսական շահերը սպասարկող:

Նախագահական ընտրությունները Վրաստանում կայանալու են հոկտեմբերի 28-ին: