Արտաքին հարաբերությունների ոլորտում սայլը ձիուց առաջ մի կապեք. Ա. Աշոտյանի խորհուրդը՝ վարչապետին
Արտաքին հարաբերությունների ոլորտում սայլը ձիուց առաջ մի կապեք, սա նեքրին էյֆորիկ, հետհեղափոխական տեղեկատվական մանիպուլյացիների դաշտ չէ: Այստեղ իրոք պետք է յոթը չափել, իսկ կտրելուց առաջ էլ էլի մտածել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը՝ խորհուրդներ ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնենք ստորև.
«Այսօր մամուլն էլ գրեց այն մասին, որ Թրամպ - Փաշինյան հանդիպումը չի կայանալու:
Իրականում չարախնդալու որևէ առիթ կամ ցանկություն չկա:
Պարզապես մի քանի մասնագիտական խորհուրդ վարչապետին և իր PR-ով զբաղվողներին:
1. Արտաքին հարաբերությունների ոլորտում սայլը ձիուց առաջ մի կապեք, սա նեքրին էյֆորիկ, հետհեղափոխական տեղեկատվական մանիպուլյացիների դաշտ չէ: Այստեղ իրոք պետք է յոթը չափել, իսկ կտրելուց առաջ էլ էլի մտածել:
2. Երբեք մի բացահայտեք այն լոբիստական աշխատանքը, որ արվում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված: Պետք չէր խրոխտ և պաթետիկ տիրաժավորել ԱՄՆ 40-ից ավելի կոնգրեսականների նամակ-խնդրանքը՝ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու հետ կապված:
3. Փաշինյանի բրյուլելյան այցի այցեքարտ դարձրեցիք վարչապետի պատահական լուսնկարը Թրամպի և իր կնոջ հետ՝ նպատակ հետապնդելով ցույց տալու համաշխարհային առաջնորդների հետաքրքրությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Արտաքին քաղաքականության լրահոսում ֆոտո-վիզուալ հնարքները աշխատում են միայն այն դեպքում, երբ իրականության շարունակությունն են, այլ ոչ թե՝ վիրտուալ իրականություն:
4. Իհարկե, չեմ բացառում, որ հանդիպման մերժումը կապված է նաև աշխարհաքաղաքական խնդիրների հետ, իսկ անգամ այս դեպքում, առավել ևս, կեղծ սպասելիքներ մի ձևավորեք, երկար հաշվեք:
Արդյունքում ստացվում է, որ ոչ հեղափոխական իմիջը, ոչ հայտնի լուսանկարը և ոչ էլ ԱՄՆ կոնգրեսականների նամակը իրենց նպատակին չծառայեցին:
Իսկ երկրիցս դուրս Նիկոլ Փաշինյանը Հայաստան է ներկայացնում, այսինքն՝ նաև ինձ, և ես շատ կուզեի, որ նա գոնե այդ առաքելությամբ երևար հնարավորինս պրոֆեսիոնալ»:










