Ֆրանսիայում ձերբակալել են վեգանների խմբի, որոնք կասկածվում են մսի վաճառքի կետերի վրա հարձակում իրականացնելու համար

15:21 • 12.09.18

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքում ձերբակալվել է 6 անձ, նրանք կասկածվում են մսի և ձկան վաճառքի կետերի վրա իրականացված հարձակումների համար, գրում է «РИА Новости» գործակալությունը։

Վեգանների շարժման ենթադրյալ անդամներն այս կերպ իրենց զայրույթն են արտահայտել մսի վաճառքի ու օգտագործման հետ կապված։ Նրանք մայիսի 15-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հարձակվել են վաճառքի կետերի վրա, արհեստական արյուն նետել դրանց ուղղությամբ, կոտրել ցուցափեղկերն ու տարբեր գրություններ թողել իրենց հետևից։

Ֆրանսիայի մսագործների ֆեդերացիայի նախագահ Ժան-Ֆրանսուա Գիյարը հունիսի վերջին դիմել էր Ներքին գործերի նախարարությանը՝ պահանջելով ոստիկանությունից պաշտպանության տակ առնել մսի վաճառքի կետերում աշխատող մարդկանց վեգանների հարձակումներից։ Իր նամակում Գիյարն ընդգծել էր, որ բազմաթիվ մսագործներ սպառնալիքների են ենթարկվում, ինչն իրենք համարում են ահաբեկչության ևս մի տեսակ։