Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի

03:54 • 12.09.18

Հունաստանի Արևելյան Ատտիկա շրջանում բռնկված անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 99-ի: Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Հունաստանի հրշեջ ծառայությանը:

«Այսօրվա դրությամբ Արևելյան Ատտիկայում հրդեհների հետևանքով զոհվածների շարքին է դասվում 99 մարդ: Ատտիկայի հիվանդանոցներում մահացել է 16 մարդ, որոնք հոսպիտալացվել էին հրդեհներից հետո»,- ասվում է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մահաբեր հրդեհները Հունաստանում բռնկվել են հուլիսի 23-ին: Մայրաքաղաք Աթենքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում բռնկված զանգվածային անտառային հրդեհի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել անգամ Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում: