Սև և սպիտակ երկընտրանքը պատկանում է ստալինյան և հիտլերյան ժամանակաշրջանին. Րաֆֆի Հովհաննիսյան

16:04 • 12.09.18

Պարոն Փաշինյանը հրապարակին հարիր շատ լավ զգացմունքային, վերլուծական, ելույթներ է ունենում, դրանք մեկ-մեկ պետք են, բայց համարում ենք, որ ընտրությունների հետ կապ ունեցող կուսակցական կամ ցուցակային  հարթակը ճիշտ  տեղը չէր պետական նշանակության հարցեր քննարկելու  համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը:

««Ժառանգությունը» կողմնակից է նոր Հայաստանի ժամանակավոր կառավարությանը, ուզում ենք, որ շարունակեն ժողովրդավարական, հակակոռուպցիոն  ճանապարհով, բայց գտնում ենք, որ պետք է ավելի, ըստ էության, լինի»,-շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին, թե իրեն սև, թե սպիտակ է  համարում՝ հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը երեկ է հայտարարել, որ այո,  կա սև և սպիտակի պայքար՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ անգամ հետհեղափոխական, զարթոնքի պայմաններում սխալ է նման բաժանում կատարելը:

«Որը ուզենաք։ Ես ամբողջ ծիածանն եմ, ես համարում եմ, որ սև և սպիտակ երկընտրանքը պատկանում է ստալինյան և հիտլերյան ժամանակաշրջանին, միգուցե հիմա ավելի հռետորաբար է օգտագործվում, և անգամ հետհեղափոխական կամ այդ զարթոնքի պայմաններում, կարծում եմ, սխալ համեմատական է սև-սպիտակը։ Այդ մոտեցումը, որ ով ինձ հետ չէ, իմ դեմ է, դա ո՛չ սեր է, ո՛չ համերաշխություն է, ո՛չ թավշյա է։ Դրա համար, կարծում եմ, թե եզրաբանական խնդիրներ կան։ Եվ եթե սա իսկապես ներկայացնում է քաղաքական մոտեցում, և ասվում է, որ բացառապես այս ցուցակն է կրում Հայաստանի արժեքները, ես հարգանքով համաձայն չեմ։ Ես ևս կրում եմ այդ արժեքները, ուրիշները ևս կրում են այդ արժեքները, և ես նման բան ինձ երբեք թույլ չէի տա»,-շեշտեց նա:

Tert.am-ի հարցին` արդյոք մտահոգություններ չկան նաև Նիկոլ Փաշինյանի  այլ հայտարարությունների վերաբերյալ՝  ինչպես ընկեր-հակահեղափոխականների, այնպես էլ «ռեդեր»  իրականացնելու վերաբերյալ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.

«Որոշ խնդիրներ կան խափանման միջոցների, դատաքննությունների, ռեյդերի հետ կապված: Դա կարելի է որպես իշխանության  ղեկավար կազմակերպել առանց հարթակային հայտարարության, հարթակի պետք չունես այդ բանը իրագործելու համար, հատկապես եթե օրինավոր է, իրավաչափ է»,-շեշտեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը  հավելեց, որ առավել մտահոգիչ է  ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրությունը, քանի որ ձայնագրման  փաստը  պետական համակարգի թուլությունն է և  առաջին հերթին  իշխանությունը պետք է իր վրա վերցնի դրա  բացթողումը:

«Ես նվաստացած եմ զգում որպես քաղաքացի, որ հնարավոր է գաղտնալսումը ոչ միայն քաղաքական գործիչների նկատմամբ այլ նույն պետական պաշտոնյանների նկատմամբ, սա անընդունելի է և մեղքը առաջին  հերթին մերն է, ներքին է և դա պիտի շտկել»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ ձայնագրության մեջ դատավորի  զանգին վերաբերող հատվածն էր:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարևոր համարեց, որպեսզի  վերադարձը  հին իշխանաձևին մերժվի և իշխանությունները զգույշ  լինեն, չորդեգրի  անցյալի վատ երևույթները և դրանցից մեկը հեռախոսային արդարադատությունն է:

«Ես չեմ կարծում, որ մենք հասել ենք այդ սահմանին, բայց իշխանավորները պետք է շատ զգույշ լինեն իրենց խոսքի. պահվածքի մատուցման և բովանդակության մեջ, արդեն ահազանգ է մեր պետական անվտանգությանը և դա ավելի կարևոր է, քան ցանկացած ընտրություն կամ հարթակային ելույթ»,-եզրափակեց նա: