Հս. Կորեայի հարցում Թրամփը նորարարական մոտեցում ցուցաբերեց. Պուտին

15:10 • 12.09.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին համամիտ է այն տեսակետի հետ, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը նորարարական մոտեցում է ցուցաբերել Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում:

«Ես համակարծիք եմ Սինձո Աբեի (Ճապոնիայի վարչապետ-tert.am) հնչեցրած այն մտքի հետ, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նորարարական մոտեցում է ցուցաբերել Հյուսիսային Կորեայի հետ փոխգործակցության հարցում: Ես համամիտ եմ, որ դա որոշակի քաջության ու նորարարական մոտեցման դրսևորում էր: Ամեն ինչ ճիշտ այդպես է»,- ասել է ռուս ղեկավարն Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում «Հեռավոր Արևելք. ընդլայնելով հնարավորությունների սահմանները» խորագրով նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը կայացել է ընթացիկ տարվա հունիսի 12-ին, Սինգապուրում: Երկու պետությունների ղեկավարներն արձանագրել են, որ հանդիպումը վերջին ամիսներին Վաշինգտոնի ու Փհենյանի միջև առաջացած լարվածությունը զգալի թուլացնելու հնարավորություն է ընձեռել:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հյուսիսային Կորեայի վիճահարույց միջուկային և հրթիռային ծրագրերի սառեցման հարցը: