«Ես նույնպես պետք է քայլ անեմ». Սինձո Աբեն հաստատել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու ցանկությունը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հայտնում է РБК-ի թղթակիցն Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստից:
«Ես նույնպես պետք է կոտրեմ փոխադարձ անվստահության պատյանը, քայլ անեմ դեպի առաջ և վերջիվերջո անմիջականորեն շփվեմ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի հետ»,- ասել է Աբեն՝ նշելով, որ դեռ բարձր մակարդակով հանդիպման մասին պայմանավորվածություններ չկան:
Վարչապետը հավելել է, որ ցանկանում է ազատվել ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում «տխուր անցյալից» և կարգավորել դիվանագիտական հարաբերությունները: Ընդ որում՝ Աբեն հայտարարել է, որ անհրաժեշտ է ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին, ինչպես նաև լուծել Ճապոնիայի քաղաքացիների առևանգման խնդիրը:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է Ռուսաստան այցելել ցանկացած ժամանակ:










