Սկրիպալների թունավորման գործով կասկածյալն արձագանքել է Պուտինի առաջարկին
Ալեքսանդր Պետրովը, ում Մեծ Բրիտանիայի իշխանությունները կասկածում են Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյա Սկրիպալի թունավորման համար, համաձայնել է մանրամասն մեկնաբանություն տալ իրավիճակի առնչությամբ, հայտնում է vesti.ru-ն:
«Դեռ առանց մեկնաբանությունների: Գուցե ավելի ուշ: Հաջորդ շաբաթ, կարծում եմ»,- ասել է Պետրովը:
Այդկերպ նա արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած առաջարկին։ Պուտինն ավելի վաղ նրանց խորհուրդ էր տվել շփվել ԶԼՄ-ների հետ և պատմել տեղի ունեցածի մասին։
Պետրովը հայտնել է, որ պատրաստ կլինի շփվել լրագրողների հետ հաջորդ շաբաթ:
Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, որոնց Մեծ Բրիտանիան մեղադրում է Սկրիպալների թունավորման համար, սովորական քաղաքացիական անձինք են:
«Մենք գիտենք՝ նրանք ովքեր են, մենք գտել ենք նրանց: Հուսով եմ՝ նրանք շուտով կհայտնվեն և ինքնուրույն կպատմեն ամեն ինչ, նրանք քաղաքացիական անձինք են: Ոչ մի հատուկ և քրեական բան այնտեղ չկա, վստահեցնում եմ ձեզ»,- ասել էր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ գաղտնազերծելով ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյայի թունավորման սկանդալային գործով երկու կասկածյալների անունները: Խոսքն Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի մասին է, որոնք Սկրիպալների դեմ հարձակումից մի քանի օր առաջ «Աէրոֆլոտ»-ի չվերթներից մեկով Մեծ Բրիտանիա էին մեկնել:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:










