Ոստիկանությունը բերման է ենթարկել Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին

19:03 • 12.09.18

Երեկ գիշեր ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սիլ» կոնցեռնի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը:

«Խոսքը վերաբերում է ոչ թե թիկնապահին, այլ թիկնազորին: Քանի որ բոլոր աշխատակիցները «Կամանդիր սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության ներկայացուցիչներ են, օրենքով թույլատրելի գործունեություն են ծավալում, ունեն հատուկ կարգավիճակ, որևէ խնդիր չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ րոպեներ անց նրանք բաց են թողնվել, ստուգվել են փաստաթղթերը:

Դիտարկմանը, թե այսինքն՝ համարում են, որ եթե թիկնազորի փաստաթղթերը չստորագրվեին, ապա երկակի ստանդարտ էր կիրառվելու, Աննա Մկրտչյանն ասաց. «Այսինքն՝ եթե բոլորի մոտ պետք է ստուգումներ արվեն, ապա ինչու պետք է բացառություն արվի»:

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում է   իրականացնել «ռեյդեր»՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին: