Յունկերն առաջարկել է Եվրամիության ու Աֆրիկայի միջև նոր դաշինք ստեղծել

13:38 • 12.09.18

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն առաջարկել է Եվրամիությանը հարաբերություններ ստեղծել Աֆրիկայի մայրցամաքի հետ նոր գործընկերության հիման վրա, որը միտված կլինի ներդրումներ գրավելուն և մոտ 10 միլիոն աշխատատեղ ստեղծելուն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջարկում եմ նոր գործընկերություն ստեղծել Աֆրիկայի հետ, նոր դաշինք՝ ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար: Նման մոտեցումը թույլ կտար ստեղծել մինչև 10 միլիոն աշխատատեղ առաջիկա տարիներին»,- հայտարարել է Յունկերը՝ Ստրասբուրգում հանդես գալով ԵՄ-ի գործերի վիճակի մասին ուղերձով:

Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում նշվում է, որ խոսքն առաջիկա հինգ տարիների ընթացքում Աֆրիկայի մայրցամաքում մինչև 10 միլիոն աշխատատեղերի ստեղծման ներուժի մասին է:

Յունկերը նաև կոչ է արել օպերատիվ համաձայնեցնել նման գործընկերության զարգացման համար միջոցների հատկացման մասին որոշումները մինչև 2019 թվականի մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները: