ԱՄՆ կառավարությունը խրախուսում է բաց լաբորատորիաները. դեսպանատունը՝ Փաշինյանի՝ ռուս մասնագետներին ՀՀ-ում ամերիկյան լաբորատորիաներ մտնել թույլատրելու մասին
ԱՄՆ կառավարությունը խրախուսում է բաց լաբորատորիաները, իսկ հայաստանյան լաբորատորիաներ մուտքի հետ կապված հարցերով որոշումները կայացվում են ՀՀ կառավարության կողմից: Tert.am-ին այսպես են պատասխանել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից՝ պատասխանելով ՀՀ-ում ամերիկյան լաբորատորիաներում ռուս մասնագետների մուտքը թույլ տալու մասին հարցին:
Պատասխանում, մասնավորապես, նշված է․
«ԱՄՆ կառավարությունն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կառավարությանը՝ հիվանդությունների արձագանքման ու հաշվառման կարողությունների կատարելագործման հարցում: Ինչպես վերջերս նշեց վարչապետը, ՀՀ առողջապահության ու գյուղատնտեսության նախարարությունների կազմում գտնվող հանրային առողջապահական լաբորատորիաները, այդ թվում՝ օտարերկրացի պաշտոնական այցելուների մուտքն այդ հաստատություններ, լիովին վերահսկվում են ՀՀ իշխանությունների կողմից: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարությունը խրախուսում է բաց լաբորատորիաները, իսկ հայաստանյան լաբորատորիաներ մուտքի հետ կապված հարցերով որոշումները կայացվում են ՀՀ կառավարության կողմից»:
Նշենք, որ Tert.am-ը մեկնաբանություն էր խնդրել դեսպանատնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն վերաբերյալ, ըստ որի՝ ինքը թույլատրել է ռուս գիտնականներին մուտք գործել ՀՀ-ում եղած ամերիկյան լաբորատորիաներ:










