Ֆլորիդայում բազմաթիվ ձկներ ու ծովային կենդանիներ են սատկել թունավոր ջրիմուռների պատճառով

01:59 • 13.09.18

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևմտյան ափին՝ Տամպայի ծոցի հատվածում, հայտնվել են ափ նետված բազմաթիվ ձկներ ու ծովային այլ կենդանիներ, որոնք սատկել են թունավոր ջրիմուռների ծաղկման հետևանքով, գրում է РИА Новости-ն՝ The Washington Post-ին հղումով:

Հաղորդվում է, որ հատուկ ծառայությունների մասնագետները մաքրում են ափը սատկած ձկներից ու կենդանիներից, որոնք քայքայվում են և սարսափելի հոտ տարածում՝ վանելով զբոսաշրջիկներին:

Ընդ որում՝ թունավոր ջրիմուռների հետևանքով սատկել են ոչ միայն մանր ձկները, այլև հարյուրավոր կրիաներ, տասնյակ աֆալինա դելֆիններ և անգամ 8 մետրանոց հսկա կետանման շնաձուկ:

Վայրի բնության պահպանման հանձնաժողովի տվյալներով՝ վտանգավոր ջրիմուռները գտնվում են ափից մոտ 190 կմ հեռավորության վրա: Դրանց արտազատած տոքսինները կարող են տարածվել ոչ միայն ջրում, այլ նաև օդում՝ վտանգելով նաև մարդկանց առողջությունը: Դրանք կարող են առաջացնել շնչառական համակարգի հետ կապված խնդիրներ և  դառնալ ասթմայի սրման պատճառ: