«ԱՄՆ-ն գիտեր, որ Ասադը թաքցրել է քիմիական զենքը». Ջոն Քերի

11:44 • 13.09.18

Բարաք Օբամայի վարչակազմը գիտեր, որ Սիրիայի կառավարությունը չի վերացրել քիմիական զենքի բոլոր պաշարները: Այդ մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, գրում է freebeacon.com–ը:

«Մենք ասել ենք, որ հայտարարագրված քիմիական զենքը վերացվել է 100 տոկոսով: Դա այն էր, ինչ կարողացել էր հայտնաբերել Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը»,- նշել է Քերին:

Նա ընդգծել է, որ իրենք գիտեին, որ «Ասադը պահել է մի մասը» և որ ԱՄՆ-ն փորձել է դրանով գնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, սակայն չի կարողացել, որովհետև «Ռուսաստանը սկսել է իր խաղերը»:

Քերին համաձայնել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ այն հարցում, որ Սիրիայի դեմ ուժի կիրառումը ստեղծված հանգամանքներում ընդունելի է, սակայն դժգոհել է դիվանագիտական ջանքերի պակասից: