Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսները հրաժարվել են պատասխանել իրենց փոխհարաբերությունների մասին հարցին

16:18 • 13.09.18

Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, որոնք, ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի իշխանությունները, ներգրավված են Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործում, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցում հրաժարվել են պատասխանել իրենց հարաբերությունների մասին հարցին:

Մասնավորապես, տղամարդիկ հրաժարվել են պատասխանել հարցին, թե ինչն է իրենց կապում և ինչու են իրենք անընդհատ միասին եղել, միասին ապրել ու զբոսնել:

«Գիտեք, եկեք չմտնենք անձնական կյանք», - ասել է Բոշիրովը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը բացառիկ հարցազրույց են տվել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Նրանք հայտարարել են, որ իսկապես այցելել են անգլիական այդ քաղաք այս տարվա մարտին: Նրանց խոսքերով՝ նրանք քաղաք են ժամանել մարտի 3-ին և պարզապես զբոսնել են մոտ մեկ ժամ: Մեծ Բրիտանիա իրենց այցի հիմնական նպատակ են նշել Լոնդոնում ժամանակ անցկացնելու ցանկությունը:


Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ գաղտնազերծելով ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյայի թունավորման սկանդալային գործով երկու կասկածյալների անունները: Խոսքն Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի մասին է, որոնք Սկրիպալների դեմ հարձակումից մի քանի օր առաջ «Աէրոֆլոտ»-ի չվերթներից մեկով Մեծ Բրիտանիա էին մեկնել:


Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: