Վարույթ է ընդունվել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը հրապարակելու դեպքի  առթիվ հարուցված քրեական գործը. ՔԿ

11:48 • 13.09.18

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ «Հայաստանի ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ։

Նկատի ունենալով, որ հրապարակումները և ձայնագրությունն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ու ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։