«Առողջ սունկ»-ը գիշերն ուղղակի «արտանետումներ» է բաց թողել. բնակիչները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը

14:15 • 14.09.18

Տարիներ շարունակ «Առողջ սունկ» գործարանի Բյուրեղավանի մասնաճյուղի կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում գյուղում առաջացած գարշահոտության դեմ պայքարող բյուրեղավանցիների վկայությամբ երեկ այնպիսի «արտանետումներ են» եղել, որ նրանք, ի նշան բողոքի, կեսգիշերվանից փակել են ճանապարհը:

Այս մասին Tert.am –ին հայտնած բյուրեղավանցի Վահագն Հովսեփյանը մանրամասնեց.«Այսքան տարի է՝ բողոքել ենք, բայց երեկ գիշերը այնպիսի ահավոր «արտանետումներ» բաց թողեցին… սա մեկ: Եվ երկրորդ՝ մենք մարզպետարանի ու տնտեսվարողի հետ եկել էինք փոխհամաձայնության, որ արտանետումները հետզհետե պետք է պակասեն և տնտեսվարողի ու բնակիչներիս միջև պետք է ստորագրվի հուշագիր, որը կամրագրի պարտավորությունները: Մասնավորապես, գործարանը մինչև մյուս տարվա մայիսի 1-ը հանելու, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը ֆիլտրերի համակարգ է դնելու: Եվ գիշերը Կոտայքի փոխմարզպետից ստացանք հաղորդագրություն, որ իրենք ուղարկել են իրենց տեքստը, որի մեջ որևէ վերահսկողության մեխանիզմի մասին խոսք չկա»,-մանրամասնեց բյուրեղավանցին:

Նրա խոսքով՝ գիշերվանից, 10 –ական մարդով հերթափոխով փակ են պահում դեպի գործարան տանող ճանապարհը, սակայն մարզպետարանից որևէ մեկը չի եկել: Միայն ոստիկաններ են եկել, խնդրել, որ մեքենաներից մեկի համար ճանապարհ բացվի:

Բյուրեղավանցին հավելեց. «Մենք ահազանգել ենք 1-02, և 1-12 փրկարար ծառայություն, և որևէ մեկը չի կարող գալ և ասել՝ էդ արտանետումները բնակչության համար վտնանգավո՞ր են, թե՞ չէ, տարհանելու խնդիր կա՞, թե՞ չէ: Մենք փակել ենք ճանապարհը, պահանջում ենք, որպեսզի պետական մարմինները գան և, ի վերջո, այս հարցը լուծվի»:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ բյուրեղավանցիների պայքարի արդյունքում, այս տարվա հունիսին, արդեն նոր քաղաքական իշխանությունների օրոք, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյան ներկայությամբ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի նախագահ Ա.Ազոյանը բյուրեղավանցիներին էր ներկայացրել նոր ներդրվող կենսաֆիլտրերի բնութագրերը, որոնք պետք է նպաստեին հոտի ինտենսիվության նվազմանն, ապա՝ իսպառ վերացմանը։ Տեսչական մարմնի ղեկավարն էլ ընկերության նախագահին առաջարկել էր ողջամիտ ժամկետում վերացնել բնակչությանն անհանգստացնող հոտը, իսկ չվերացնելու դեպքում՝ կոմպոստի արտադրամասը տեղափոխել։