Մասաչուսեթսում գազի արտահոսքի դեպքերի ու պայթյունների թիվը հասել է 70-ի. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում է գազի արտահոսքի, պայթյունների և հրդեհների 70 դեպք: Իրավապահներն ու փրկարարներն իրականացնում են բնակչության տարհանման աշխատանքներ, գրում է ТАСС-ը:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ավելացել է նաև տուժածների թիվը՝ հասնելով 13-ի: «Լոուրենսի գլխավոր հոսպիտալն այս պահի դրությամբ օգնություն է ցուցաբերում գազի պայթյունից տուժած 13 մարդու: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդը տեղափոխվել է Բոստոնի վնասվածքաբանական կենտրոն, մյուսները բուժում են ստանում Լոուրենսի գլխավոր հոսպիտալում… տուժածներից ոմանք ստացել են անհրաժեշտ բուժօգնությունը և դուրս են գրվել, ոմանք էլ հոսպիտալացվել են»,- ասվում է բուժհաստատության պաշտոնական ֆեյսբուքյան էջում հարապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ կան ինչպես թունավորման ախտանշաններով տուժածներ, այնպես էլ պայթյունների ու հրդեհների հետևանքով տարբեր վնասվածքներ ստացածներ: Կան նաև մարդիկ, որոնք գնացել են հիվանդանոց, քանի որ ստիպված են եղել լքել իրենց տները վտանգի պատճառով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գազի արտահոսքի պատճառով մի շարք պայթյուններ ու հրդեհներ են տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ պատճառը Columbia Gas ընկերության ցանցում առաջացած անսարքություններն են: Լուրենս և Անդովեր քաղաքների բոլոր բնակիչներին, որոնք օգտվում են տվյալ ընկերության ծառայություններից, խորհուրդ է տրվել լքել տները:










